Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Բենջամին Բաթընի առանձնահատուկ դեպքը»

«Բենջամին Բաթընի առանձնահատուկ դեպքը» նախ և առաջ ներկայացնում էր հեղինակի կողմից մտածված կյանքի իմաստի մասին մտորումները` դիտարկելով մարդկային հարաբերությունները և ժամանակի հասկացողությունը: Ամեն դեպքում ժամանակը սպանում է մեզ, լինենք մենք նորածին, թե ծերուկ, ինչպես և գրքի հերոսն էր: Ժամանակը անհնար է կանգնեցնել, թեկուզ որ այն անվերջ է, իսկ եթե անվերջ չէ, ապա վերջը մեզ անհայտ է: Ժամանակի հասկացողությունը օգնում է մեզ գնահատել ամեն մի ակնթարթ:

Ժամանակի հակադիրը հիշողություններն են` այն, ինչը կազմում է մեր «ես»-ը և թույլ է տալիս վերակենդանացնել վաղուց կորած մարդկանց ու իրադարձությունները: Միայն հիշողությունն է ի զորու վերադարձնել ժամանակը, այդ իսկ պատճառով միայն հիշողությունն ունի ժամանակի թշնամի համարվելու իրավունքը:

Ընդհանուր առմամբ սյուժեն հետաքրքիր էր. այն շոշափում է բազմաթիվ տարբեր թեմաներ՝ անհավասար ամուսնություն, հասարակության կողմից անձի ընկալում, երեխաների հոգեբանություն, սոցիումի ազդեցություն մարդու աշխարհայացքի վրա, մարդկանց փոխհարաբերությունները, նրանց մտքերն ու զգացմունքները: Պատմվածքը հեշտ ընթերցվող էր և բավականին պարզ:

Շատ դժվար էր պոկվել պատմվածքից. ուզում էի որքան հնարավոր է շուտ ավարտել գիրքը և պարզել, թե ինչպես կավարտվի պատմությունը։ Թեև պատմվածքը ինձ բավականին մշուշոտ, կարճ և թերի թվաց, այնուամենայնիվ, հիսուն էջից պակաս պատմվածքով հնարավոր չէր պատմել մարդու ամբողջ կյանքը, հատկապես, եթե դա նման զարմանալի և ինչ-որ տեղ տարօրինակ մարդու կյանք էր:

Ըստ իս` Ֆիցջերալդի պատմվածքները չունեն այն յուրահատկությունը, որը պահանջում են կարճ պատմվածքները։ Նա կարծես թե վեպերի համար սովորական սևագրեր էր գրում, հապճեպ գրառելով մտքերը: Սակայն միգուցե ես սխալվում եմ, քանի որ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Նյութը՝ Մարիամ Գրիգորյանի

Оставьте комментарий