«Անկեղծ չենք» հոդվածի վերլուծություն

Միտքն իրոք որ շատ արդիական էր ու եթե համեմատենք այսօրվա մեր օրերի հետ, ապա միակ տարբերությունը երևի թե ժամանակը կլինի։ Այո, մարդիկ չեն փոխվել։ Ինչպես նշում է Հովհաննես Թումանյանը, կյանքը դարձրել են բեմ, որտեղ ամեն մեկը դերասան է, նույնիսկ գործիչը, ում ուսերին է ընկած մարդկանց բեռն թեթևացնելը, այլ ոչ թե ավելի ծանրացնելը։ Այսպիսի հոդվածներ շատ եմ ընթերցել ու պետք է ասեմ, որ սա ավելի շատ շեղում է «հունը» դեպի քաղաքական կոնտեքստ, այդ իսկ պատճառով, կարդալով հոդվածը, ոմանք պատկերացնում են ՀՀ-ի ներքին իրավիճակը, կարելի է ասել, ՀՀ-ի ներքին «քաոսը»։ Հովհ․ Թումանյանը շատ ճիշտ բառերով է գնահատում մարդկանց վերաբերմունքը, շեշտում է, որ սա դերասանի վայել պահվածք է, այլ ոչ թե բանական մարդու։ Կարծում եմ, որ ինչքան էլ Մեծն Գրողը այս մտքերը գրել է տասնամյակներ առաջ, միևնույնն է նրա միտքն ու արդիականությունը ճշմարիտ են և այսօր։ Մարդկանց մեջ այլևս չկա ճշմարտության ու անկեղծության նշույլ։ Մեր ժամանակներում, գրեթե բոլորը պայքարում են «գահին» տիրանալու համար, «իշխան» ու «ղեկավար» լինելու համար և չեն էլ պատկերացնում, թե իրենց խոսքերով ու արտահայտություններով ինչպես են վիրավորում հասարակությանը։ Ես ինքս կարող եմ օրինակ բերել։ Ընդհանրապես, ժողովրդի հավաքը ես, որպես այդպիսին, միշտ փորձել եմ կապել օգնության հետ, այսինքն երբ ժողովուրդը պատրաստ է օգնել «իշխանին»՝ ուղղություն տալ, հուզող խնդիրների մասին ձայն բարձրացնել , այլ ոչ թե լսել, թե ինչպես է ոմն մեկը բեմում դերասանական ելույթ ունենում ու այդպես հարյուրավոր մարդկանց սրտեր գրավում։ Այդ դերասանները շատ շատ են, ու դա ցավալի է։ Այդպիսի դերասաններին հավատալով, մարդիկ կորցնում են անկեղծությունը, քանի որ հավատում են կեղծ դիմակ կրած մարդուն, ով պերճ-պերճ, անուշ-անուշ խոսում է, սակայն իր ժամանակին ոչինչ չի անում։ Ժողովուրդն էլ է մի կողմից թերզարգացած այդ առումով։ Այդպիսի դերասանները միշտ օգտագործում են «ժողովուրդը մեր կողքին է» թեզը և հետո էլ զարմանում, թե ինչու ժողովուրդը չգնաց նրանց հետևից։ Այդպիսի մարդիկ, իմ կարծիքով, չգիտեն ինչպիսի արժեք է «ժողովուրդը»։ Մարդիկ եթե իրար հանդեպ ատելություն են ունենում այն պահից հետո, երբ հանդիպեցին, դա չի կարող լինել համախմբվածության կամ անկեղծության նշան։ Կարծում եմ, Թումանյանը հենց սա ի նկատը ուներ, որ ազգը պառակտված է, հասարակությունը՝ բաժանված։ 

Թումանյանը վերջում ասաց․ «եկե՛ք և պարզե՛ք, թե ով է ճիշտ, ով՝ սխալ»։ Այդպիսի հրաշագործություններ դեռ ոչ մեկ չի արել։ Այս իրավիճակի ամենամեծ մեղավորը, իմ կարծիքով, մարդն է, ով հավատալով սուտ պատմողին, գնում է իր հետևից, իսկ հետո զարմանում, թե իր խնդրանքը ինչու չարեցին։ Սա նաև փաստում է մարդկանց խաբելուն հայի նուրբ արվեստի մասին։ Թումանյանը ներողամիտ, ոչ կոպիտ ու «թափանցիկ» բառերով է ներկայացնում իրավիճակը, պատմում, թե ինչպիսի դժվար կացություն է առաջացել «դերասան կյանքի» պատճառով։ Եվ ես ինքս տեսնում եմ դա, զգում եմ դա։ Այսպիսի դժվար կացության մեջ գտնվող հասարակությունը պետք է ամենաառաջինը մտածի, թե ինչպես լավացնի կյանքը, այլ ոչ թե ինչպես վիրավորի դիմացինին, որպեսզի վերջինս ընկնի միայնակության զգացումի գիրկը։ Սակայն, ըստ էության, այսօր հասարակության որոշ մասի մոտ դիտվում է երկրորդ տարբերակը՝ որպես հիմնական զբաղմունք ու գործ։ Ես ցավում եմ ստեղծվածի համար, և հետևելով Թումանյանի խոսքերին, մենք պետք է վերջ ի վերջո կարողանանք հասկանալ՝ ո՞վ է ճիշտ, ով՝ սխալ։ Եթե սա հասկանանք, ապա գոնե մի քիչ կդառնանք անկեղծ, ողջամիտ ու ներողամիտ՝ միմյանց նկատմամբ։ Ես որևէ քաղաքա-հասարակական կոնտեքստ չեմ ուզում մտցնել, պարզապես ասում եմ այն, ինչ որ ես ինքս եմ ապրում, տեսնում ու ամբողջ օրը լսում։ Կարծում եմ, որ այս «քաոսը» շուտով կվերջանա, քանզի սրա մյուս ավարտը շատ դաժան ու «թանկ» է լինելու հայ ժողովրդի համար։ Շնորհակալություն ուշադրության համար․․․

Նյութը՝ Դավիթ Մուրադյանի

Оставьте комментарий