Յուկիո Միսիմա «Ոսկե տաճարը»

«Ոսկե տաճար»-ի ընթերցումը անսպասելի շրջադարձ էր իմ գրական կյանքում: Այն ինձ ներքաշեց այլ՝ մինչ այժմ ինձ բոլորովին անծանոթ աշխարհ: Կխոստովանեմ, որ երբեք չեմ դիտարկել կյանքը նման տեսանկյունից:

Մոտավորապես մի ամիս ապրելով գլխավոր հերոսի մտքում` ես ինձ համար բացահայտեցի նոր փիլիսոփայություն:

Գրքի իմաստը հետևյալն է` հասարակ ընտանիքի զավակ, կակազող Միձոգուտին դառնում է Ոսկե տաճարի կամակատար: Տաճարը գեղեցիկի մարմնացումն էր հերոսի կյանքում:

Միայնություն, ոտնահարվածություն և սեփական թերարժեքության զգացում, ահա թե ինչ էր զգում Միձոգուտին: Սակայն, հաշվի առնելով այդ ամենը, նա չէր ցանկանում, որ իրեն հասկանան կամ նույնիսկ ընդունեն ուրիշները. նա ուրախանում էր իր «տգեղությամբ» և տարբերությամբ մնացածից: Միակ թելը, որ նրան կապում էր կյանքի հետ, Ոսկե տաճարն էր:

Հերոսի համար Ոսկե տաճարը դառնում է իրական մոլուցք, որը խանգարում է հերոսին ապրել և նույնիսկ վայելել պարզ մարդկային հաճույքները: Այդ իսկ պատճառով Միձոգուտին չէր կարողանում մտերմանալ և շփվել կանանց և իր հասակակիցների հետ: Նրան ամենուր հետապնդում էր Ոսկե տաճարը իր մռայլ և կայուն տեսքով: Տաճարը Միձոգուտիի մոտ ներկայացնում է անհամեմատելի մի «իդեալ», որն, իրոք, անհամեմատելի և անհամատեղելի էր աշխարհիկ որևէ երևույթի հետ:

Հիմնական գաղափարը տվյալ մտքում է․

Հնարավո՞ր է ապրել առանց գեղեցկության և գեղեցիկի: Հնարավոր է և նույնիսկ անհրաժեշտ է. որպեսզի ձեռք բերվի լիակատար ազատություն:

Ստեղծագործության մեջ ինձ գրաված խոսքերից էր․ «Գեղեցկությունը գիտակցությանը չի մխիթարում: Նա ծառայում է նրան, որպես սիրուհի, կին, բայց ոչ մխիթարող: Սակայն այդ «ամուսնական» միությունն առաջացնում է իր ուրույն պտուղը, որը վաղանցիկ է, ինչպես օճառե պղպջակը: Եվ այդ պտուղը կոչվում է արվեստ»:

Հետևաբար գիտակցության և գեղեցկության միաձուլումից ծնվում է արվեստ:

Ամբողջ ստեղծագործության մեջ արծարծվում է գեղեցկության և նրան դիմակայելու թեման: Հերոսին կարծես թվում էր, որ ոչ թե նա էր վերահսկում և կառավարում տաճարը, այլ տաճարն իրեն՝ իր կանգունությամբ, մռայլությամբ, լրջությամբ և հզորությամբ:

Հետևելով Ձեն-Բուդդհիզմի գաղափարներին` «Եթե հանդիպեք Բուդդհային, սպանեք Բուդդային, եթե հանդիպեք պատրիարքին, սպանեք պատրիարքին»:

Գլխավոր հերոսը փորձում էր հրաժարվել և ազատվել գեղեցիկից և իր տիրող ուժից, քանի որ այն ամբողջովին տիրել և կլանել էր նրան և իր ամբողջ կյանքը:

Միձոգուտին շարունակ փորձում էր ազատվել գեղեցիկի կապանքներից՝ ցածր արարքներ կատարելով և չար էմոցիաներ զգալով` ատելով մորը, անգիտակցաբար, սակայն սպանելով դեռ չնված երեխային, գումար «պարտքով» վերցնելով և չվերադարձնելով: Այդ ցածր և փոքր արարքներից հետո վերջապես Միձոգուտին անցնում է իր մտքում երկար փայփայված և մտածված մտքին` Ոսկե տաճարն այրելուն:

(Ձեն-Բուդդհիզմի հիմնական նպատակը կախվածության ցանկացած դրսևորումից ազատվելն է, լինի դա գեղեցիկը, թե վեհափառը):

Ինձ համար բացահայտում էր, որ գիրքը հիմնված էր իրական դեպքերի վրա:

1950 թվականին մի երիտասարդ իրականում այրել էր Ոսկե տաճարը, որից հետո ինքնասպան էր եղել: Տվյալ դեպքն էլ հանդիսացավ ոգեշնչանք և Յուկիո Միսիմայի գլխում հիմք դրեց այդ թեմայի շուրջ մտորումների և գաղափարների:

Ուզում եմ նաև նշել Յուկիո Միսիմայի գրելաոճը․ այն բավականին տարբերվում է շատ գրողների ոճերից և, կարծես թե ավելի գեղեցիկ երանգ է հաղորդում գրքին, միևնույն ժամանակ նաև հերոսի մութ պատմությանը:

Ընդհանուր առմամբ շատ կարելի է խորանալ Միսիմայի գրելաոճի մեջ, այն կարծես թե իր մեջ պարունակում է գրողի ամբողջ կյանքը, անցած ուղին և նաև ի ցույց է դնում Միսիմայի աշխարհայացքը:

Գալով եզրակացության` կարող եմ ասել, որ ինձ շատ դուր եկավ թե´ գրողը, թե´ ստեղծագործությունը: Ինչպես նշեցի սկզբում, Յուկիո Միսիման մեծ ազդեցություն ունեցավ իմ գրական կյանքի, գաղափարների, ճաշակի և նույնիսկ իմ կյանքի աշխարհայացքի վրա: Չէի ասի, որ ստեղծագործությունը դժվար ընթերցվող էր, սակայն ընթերցանության ընթացքում գրողի մտքերը բավական մտածելու տեղիք էին տալիս, որի շնորհիվ էլ գիրքն ավելի երկար էր թվում:

«Աշխարհը կարող է փոխվել միայն մեր մտքում, ուրիշ ոչինչ այս խնդիրը ի զորու չէ լուծելու: Միայն միտքն է վերափոխում Աշխարհը` միևնույն ժամանակ այն թողնելով անփոփոխ: Տիեզերքը սառել է անշարժության մեջ և միևնույն ժամանակ նրա մեջ տեղի է ունենում անվերջ կերպարանափոխություն: Ուրեմն ո՞րն է իմաստը, կհարցնես դու: Իսկ ես կպատասխանեմ` մարդուն հենց դրա համար էլ տրված է միտքը և գիտակցությունը, որպեսզի նա դիմանա կյանքի յուրաքանչյուր դժվարության: Կենդանիներին նման զենք հարկավոր չէ, նա կյանքը չի համարում դժվարությունների աղբյուր: Դա էլ մարդու արտոնությունն է, նա զինված է գիտակցությամբ: Սակայն դրանից մարդու բեռը չի քչացել, ահա և ամբողջ իմաստությունը»:

Նյութը՝ Մարիամ Գրիգորյանի

Оставьте комментарий